Գեշտալտ թերապիայի հիմնական սկզբունքներից է՝
«այստեղ և հիմայի» գաղափարը։

Ի՞ՆՉ է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԳԵՇՏԱԼՏ»

«Գեշտալտ» բառն ունի գերմանական ծագում։ Այն հաճախ թարգմանվում է որպես «ձև», «կառուցվածք» կամ «օրինաչափություն»։ Հոգեբանության մեջ կիրառվում է որպես «ամբողջականություն»։ Գեշտալտ հոգեբանությունում՝ բառի նման թարգմանությունը, հիանալի բացատրվում է մոտեցման հիմնական պնդումներից մեկում, ուր ասվում է․ «Ամբողջն ավելի լավ է, քան իր բաղադրիչների գումարը»։ 

Գեշտալտի հայեցակարգը ենթադրում է, որ մեր ընկալումները կախված են ոչ միայն առանձին առարկաների, իրադարձությունների կամ փորձառությունների բաղադրիչներից, այլև դրանց ամբողջական կառուցվածքից։ Այստեղ ընդգծվում է ոչ միայն առանձին տարրերի, այլև դրանց միջև առկա ընդհանուր կապերը և դասավորությունը ընկալելու կարևորությունը։ Օրինակ, երբ նայում ենք որևէ նկարի կամ տեսարանի, ընկալում ենք ոչ միայն առանձին տարրերը, այլ  պատկերն ամբողջությամբ։ Այս երևույթը հայտնի է որպես «գեշտալտ ընկալում»։ Սակայն մեր միտքը բնականորեն կառուցում և խմբավորում է առանձին տեսողական տարրեր, նշանակալի մարմիններ կամ օրինաչափություններ՝ առանձնացնելով օրինակ դեմքը՝ նկարում, կամ ծառը՝ տեսարանում։

Գեշտալտ հոգեբանությունը, որը հետագայում դարձավ առանձին հոգեթերապևտիկ մոտեցում, ուսումնասիրել է ընկալման սկզբունքները։ Այստեղ նշվում է, որ մեր գիտակցությունը հակված է զգայական կապեր ստեղծել նշանակալի ամբողջությունների միջև, քանի որ մեր ընկալման վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են մտերմությունը, նմանությունը, շարունակականությունը և փակվածությունը։

ԳԵՇՏԱԼՏ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Գեշտալտ թերապիան հոգեբանության հումանիստական մոտեցումներից է, որը կենտրոնանում է ներկայի, անձի հնարավորությունների և ինքնագիտակցության վրա։ Այն զարգացրել են Ֆրից Պերլզը և նրա կինը՝ Լաուրա Պերլզը 1940-ական թվականներից։ Նրանք ընդգծում էին անձի ամբողջականության կարևորությունը և թերապևտիկ աշխատանքն ուղղում խախտված ամբողջականության վերականգնմանը։

Գեշտալտ թերապիայի հիմնական սկզբունքներից է՝ «այստեղ և հիմայի» գաղափարը։ Սա ենթադրում է օգնել այցելուին կենտրոնանալ անմիջական փորձառության վրա՝ ներառելով մարմնական զգացողությունները, հույզերը և միջանձնային հարաբերություններում նրանց արձագանքման ձևերը։ Կենտրոնանալով ներկայի վրա, այցելուները կարողանում են գիտակցել նախկին փորձառությունների ազդեցությունը, հասկանալ իրենց մտածողության և վարքի առանձնահատկությունների պատճառները, ինչպես նաև խորապես գիտակցել և զգալ սեփական կարիքներն ու ցանկությունները։

Գեշտալտում կարևորվում է նաև պատասխանատվությունը։ Թերապիան պնդում է, որ մարդիկ կրում են պատասխանատվություն սեփական մտքերի, հույզերի և գործողությունների համար։ Սա օգնում է, որ այցելուները վերցնեն պատասխանատվություն անձնական փորձառության համար և կատարեն այնպիսի ընտրություններ, որոնք համապատասխանում են իրենց արժեքներին և նպատակներին։ Այսպիսի մոտեցումը նպաստում է ներքին ռեսուրսների բացահայտման և խթանում է սեփական կյանքի հանդեպ վերահսկողության զարգացմանը։

Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ՕԳՆՈՒՄ ԳԵՇՏԱԼՏ ԹԵՐԱՊԻԱՆ

Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ՕԳՆՈՒՄ ԳԵՇՏԱԼՏ ԹԵՐԱՊԻԱՆ

Գեշտալտ թերապիան արդյունավետորեն օգնում է հետևյալ դեպքերում`

  • Հարցեր կապված կիսատ գործողությունների կամ չապրված հույզերի հետ
  • Տագնապ
  • Դեպրեսիա
  • Կորուստ
  • Կոնֆլիկտներ
  • Դժվարություններ հարաբերություններում
  • Սեռականության հարցեր
  • Փսիխոսոմատիկ/ հոգեմարմնական դրսևրումներ

Այստեղ առկա են այն հարցերի փոքր մասը, որոնց դեպքում գեշտալտ
թերապիան կարող է լինել արդյունավետ։

Թերապիայի արդյունավետությունը կապված է ինչպես թերապևտի մասնագիտական որակներից, այնպես էլ այցելուի անհատական առաձնահատկություններից։ Երբ այցելուն բաց է և պատրաստ այս գործընթացին, ապա թերապիան կարող է նպաստել ինքնաճանաչման, ինքնաընդունման հարցերում, օգնել բարձրացնել ինքնագիտակցության և պատասխանատվության մակարդակը։ Այն աջակցում է նաև, երբ այցելուն որոշում է իր ձեռքը վերցնել սեփական կյանքը կառավարելու գործը, ինչն էլ իր հերթին բարելավում  է նրա կյանքի որակը։

ԳԵՇՏԱԼՏ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Այցելուի և թերապևտի միջև վստահելի ու ապահով դաշտի ստեղծումն ունի կարևորագույն նշանակություն գործընթացի համար
  • Կենտրոնացած է ներկայի վրա
  • Ամբողջական է և ինտեգրատիվ
  • Նպաստում է ինքնագիտացության բարձրացմանը 
  • Օգնում է վերցնել պատասխանատվություն սեփական որոշումների, քայլերի, հույզերի, մտքերի և վարքի համար
  • Աջակցում է այցելուին սեփական կյանքը ինքնուրույն կառավարելու հարցում
  • Ապահովում է անձնային աճ

Գեշտալտ թերապիան ապահովում է ամբողջական մոտեցում՝ ներառելով մտքերը, հույզերը և մարմինը։ Այս ամենի արդյունքում այցելուն ընդունում է ինքն իրեն, հասնում ինքնագիտակցության նոր մակարդակի, դառնում պատասխանատու սեփական կյանքի ու  ընտրությունների համար:

ԳԵՇՏԱԼՏ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԵՇՏԱԼՏ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Կան այլ տեխնիկաներ, որոնք նպաստում են անավարտ գործողությունների և  չապրված հույզերի պատճառով առկա դերսևրումների ուսումնասիրմանը և հանգուցալուծմանը։ Սա իրականացվում է որոշ հույզերի ֆասիլիտացիայի, չափազանցման միջոցով, երկու աթոռի տեխնիկայի կիրառման կամ դերային վերադասավորումների միջոցով։